ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ`Ռուսաստանն ու Աբխազիան ստեղծում են հեռանկարային միասնական տնտեսական տիրույթ: Այս մասին այսօր հայտարարել է Կրասնոդարի մարզի նահանգապետ Ալեքսանդր Տկաչևը: Վերջինս ոչ վաղ անցյալում նշանակվել է Աբխազիայում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ:
Տկաչևը հայտարարել է. «Պատասխանատու լինելով Աբխազիայի ու Ռուսաստանի համագործակցության համար՝ ես կգործադրեմ բոլոր ջանքերը, որպեսզի մեր ժողովուրդներն ավելի մերձենան միմյանց, որպեսզի հեռանկարում մենք ունենանք միասնական տնտեսական տիրույթի հեռանկար»:
Նշվում է, որ ոչ վաղ անցյալում Տկաչևին շնորհվել էր Աբխազիայի պատվավոր քաղաքացու կոչում:










































