Հունաստանն անցել է տնտեսական վերականգնման ճանապարհի կեսը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Լուկաս Պապադեմոսը The Financial Timesին տված հարցազրույցում:
Նրա խոսքով` բյուջետային կոնսոլիդացիայի գործընթացը ավելի շատ ժամանակ կպահանջի, քան վերադարձը տնտեսական աճին:
Պապադեմոսը ընդգծել է, որ ՀՆԱ-ն կսկսի աճել նվազագույնը 2 տարուց:
Կառավարության ղեկավարը նաև ասել է, որ Աթենքին գուցե անհրաժեշտ լինի հավելյալ օգնություն, եթե Հունաստանը չկարողանա վերադառնալ կապիտալի շուկա մինչ 2015 թ.:
Բացի այդ` Պապադեմոսը հայտարարել է, որ հույների ճնշող մեծամասնությունը կողմ է, որ երկիրն անդամակցի եվրոգոտուն:
«Հասարակական կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քաղաքացիների մեծ մասը` 70-80 տոկոսը հաստատապես պաշտպանում են Հունաստանի հետագա անդամակցությունը ԵՄ-ի արժութային միությանը, և սա նշանակում է, որ չնայած բոլոր զոհողություններին ու ծախսերին, նրանք պատրաստ են ամեն ինչ անել, որ երկիրը մնա եվրոգոտում»:
Մարտի 9-ին հունական կառավարությունը ստացավ մասնավոր վարկատուների համաձայնությունը պետական պարտքի մարմանը: Շնորհիվ դրա՝ երկրի 350 միլիարդանոց պարտքը հնարավոր եղավ նվազեցնել մինչև 107 մլրդ եվրոյի:










































