«Արի տուն» ծրագրի շրջանակում այս տարի ևս Երևանը կհյուրընկալի սփյուռքից ժամանած պատանինների և երիտասարդների: Քաղաքապետարանի աշխատակազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Արի տուն» և այլ ծրագրերի շուրջ հարցեր են այսօր քննարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Վերջին տարիներին «Արի տուն» ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես դրսում բնակվող մեր պատանի հայրենակիցների, այնպես էլ մայրաքաղաքի դպրոցականների շրջանում: Մենք պատրաստակամ ենք համագործակցելու և քաղաքապետարանի լիազորութունների շրջանակում աջակցելու նախարարության ծրագրերին:»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին պատրաստակամության համար`Հրանուշ Հակոբյանը կարևորել է վարչական շրջանների դերն ու աջակցությունը երեխաների հյուրընկալման և առօրյայի հետաքրքիր կազմակերպման գործում:
« Ծրագիրը մեծ ոգևորություն է առաջացրել սփյուռքում: Մենք շնորհակալ ենք մայրաքաղաքում բնակվող այն բոլոր ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնում հյուրընկալել երեխաներին:»,-նշել է Հրանուշ Հակոբյանը:
Ծրագրի իրականացման նպատակով կձևավորվի համատեղ աշխատանքային խումբ:
Երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու սփյուռքի նախարարը քննարկել են նաև «Իմ Հայաստան» խորագրով մշակութային փառատոնի կազմակերպչական հարցեր, որի շրջանակում ամռանը նախատեսվում են բացօթյա համերգային ծրագրեր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:








































