Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպել է Տեղեկատվական սպասարկման կենտրոնի ուսանողների հետ: Իր ելույթում Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Վլադիմիր Պուտինի համար գլխավոր իրադարձությունը հանդիսանում են աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները.
«Ռուսաստանն այդ նպատակով հատկացրել է միլիարդներ և կարծում է, որ դժվար չի լինի դրանցով գնել վրացիներին: Պուտինը երբեք չի կարող հասկանալ, թե վրաց ժողովուրդն ինչո՞ւ չի ծախվում: Դրա համար առկա է երկու պատճառ:
Դրանցից մեկն այն է, որ վրաց ժողովուրդն արդեն ճաշակել է անկախության համը, իսկ երկրորդ պատճառը, որ Վրաստանը պետություն է, այստեղ առկա են օրենքներ, մենք պահպանում ենք այդ օրենքներն ու կանոնները: Երբ դու հանդիսանում ես կանոնների երկիր, ապա առանց կանոնների մարդկանց համար շատ բարդ է այնտեղ ներթափանցելը:
Վրաստանում տեղի է ունեցել մտածելակերպի հեղափոխություն: Վրաստանը բոլոր զավթիչներին ապացուցել է, որ Կովկասում նույնպես հնարավոր է ստեղծել իսկական պետություն»:







































