«Առաջիկա քաղաքական զարգացումների ուշադրության կենտրոնում կլինեն նախընտրական գործընթացները: Այժմ մենք մտնում ենք մի փուլ, երբ քաղաքական կուսակցությունները փորձում են կազմել իրենց նախընտրական ցուցակները:
Երեկ ՀՀԿ խորհրդի նիստում քննարկվեց և հաստատվեց մեր կուսակցական ցուցակը, որը բավական ընդգրկուն է. ներկայացված են հասարակության տարբեր շերտերը, քաղաքական ամենատարբեր ուղղությունները»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Ըստ նրա՝ համամասնական ցուցակում ընդգրկված և մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների մասնակցությամբ իրենք կիրականացնեն մի շարք ծրագրեր. «Դա լավագույն կազմն է, որի միջոցով առաջիկա հինգ տարիներին կարող ենք կյանքի կոչել բոլոր այն նախագծերը, որոնք կապահովեն մեր հասարակության և մեր պետության բնականոն ընթացքը:
Այս առումով ես հավատում եմ, որ հասարակությունը կաջակցի մեզ և իր քվեով հնարավորություն կտա շարունակելու մեր գործունեությունը՝ որպես քաղաքական մեծամասնություն»:
Նա փաստեց, որ առաջիկա ընտրությունները մեր երկրի համար շատ կարևոր քննություն են լինելու, և պետք է ցուցաբերել ժողովրդավարության հնարավորինս բարձր մակարդակ:
Մարտի 22-ին ՀՀԿ-ն իր նախընտրական ցուցակը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով. «Ամենայն հավանականությամբ արդեն հրապարակված ցուցակում փոփոխություններ չեն լինի»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Բանախոսն անդրադարձավ նաև ներկայումս մեծ թափ ստացած քաղաքացիական շարժումներին։ «Ցավոք, մեր երկրում քաղաքացիական նախաձեռնությունները իրականում չեն հետապնդում այն նպատակները, ինչի մասին բարձրաձայնում են: Ես կողմ եմ քաղաքացիական նախաձեռնություններին, եթե, իհարկե, դրանք ունեն առողջ հիմք և իրոք ուղղված են հասարակության շահերի պաշտպանությանը»,- ամփոփեց Ա. Զաքարյանը:










































