Այսօր Քաղաքագետների միությունում կայացած 8-րդ նիստի ընթացքում ընտրությունների հանրային վերահսկողության անհրաժեշտության, ինչպես նաև զինծառայողների բազմակի քվեարկությունն արգելելու խնդիրների վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց քաղաքական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Մինասյանը: Ըստ նրա՝ զինծառայողները պետք է ընտրություններին մասնակցեն հենց զորամասերում։
Նիստը վարեց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, քննարկմանը մասնակցում էր Գորիսի նախկին քաղաքապետ, անկուսակցական, Գորիսում ինքնաառաջադրված Սամվել Հարությունյանը:
Խոսելով զինծառայողների բազմակի քվեարկության դեպքերի մասին՝ Ա. Մինասյանը նշեց, որ իր առաջարկը հետևյալն է. «Եթե ասվում է, որ կան բազմակի քվեարկության դեպքեր, ընտրությունները պետք է անցկացվեն տեղում՝ հենց զորամասերում»:
Ըստ քաղաքագետի՝ կարելի է տեղում ընտրություններն անցկացնելուց հետո արդյունքներն ուղարկել ԿԸՀ: «Տեղերում կարելի է ուղարկել նաև դիտորդների: Հակառակ դեպքում 100 ընտրողը դառնում է 200։ Իմ առաջարկն ընդունվելու դեպքում նման ֆորս-մաժորային իրավիճակներից կխուսափենք»,- մեկնաբանեց Ա. Մինասյանը՝ հավելելով, որ կուսակցությունները կարող են զորամասեր ուղարկել նաև վստահված անձանց:
Նա նշեց, որ իր ղեկավարած «Ժայռ» երիտասարդական կազմակերպության անդամները զորամասերում կվերահսկեն ընտրական գործընթացը:
Հմայակ Հովհաննիսյանն առաջակը ռացիոնալ համարեց:
Առաջարկը հավանության արժանացավ նաև քննարկման մասնակից Սամվել Հարությունյանի կողմից:











































