«Ֆորմուլա-1»-ում հանդես եկող «Լոտուս»-ը և «Ռեդ Բուլլ»-ը հայտարարել են, որ պատրաստ են Ավստրալիայի Գրան-պրիի որակավորման փուլից հետո հայց ներկայացնել «Մերսեդես»-ի դեմ: Պատճառը «Մերսեդես»-ի բոլիդի կառուցվածքն է:
Բոլիդի առանձնահատկությունը F-Duct օդատար հանգույցն է, որն ակտիվանում է DRS համակարգի միացման ժամանակ: FIA-ի տեխնիկական հարցերով ներկայացուցիչ Չարլի Ուայթինգը նշել է, որ «Մերսեդես»-ի կողմից նախագծված համակարգն ամբողջապես պասիվ է և օրինական:
Նշենք, որ «Ռեդ Բուլլ»-ը և «Լոտուս»-ը պահանջում են վերաստուգել F-Duct հանգույցի օրինականությունը:
Autosport-ի տեղեկացմամբ «Լոտուս»-ի հայցի պատճառ է հանդիսացել այն, որ թիմի կողմից ստեղծված նոր կախոցը FIA-ի կողմից ճանաչվել է աերոդինամիկայի ակտիվ մաս, և վերջինիս օգտագործումը համարվել է անօրինական:








































