Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթին հերոսացրած ոստիկանը պաշտոնի բարձրացում է ստացել:
Խոսքը Յաքուփ Քուրթարանի մասին է, որը 2007 թվականի հունվարի 20-ին Սամսունում Սամասթի ձերբակալությունից հետո տեղի ոստիկանատանը Թուրքիայի դրոշի ֆոնին լուսանկարվել է նրա հետ՝ ինչպես «հերոսի»:
Այն ժամանակ Քուրթարանը տեղի ոստիկանության հասարակական անվտանգության բաժնի պետն էր: Մինչդեռ ներկայումս Քուրթարանը նշանակվել է Մալաթիայի անվտանգության ծառայության պետի տեղակալ:
Հիշեցնենք, որ Սամասթի հետ լուսանկարվելուց հետո Քուրթարանի նկատմամբ որպես պատժամիջոց էր սահմանվել նրան մեկօրյա աշխատավարձից զրկելը, սակայն Քուրթարանը բողոքարկել էր դա, ինչի հետևանքով չեղյալ էր հայտարարվել այդ պատժամիջոցը:







































