ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Մասուդ Ջազայերին հայտարարել է, որ աֆղան ժողովուրդը ոչնչացնելու է իրեն շարունակ տհաճություններ պատճառած ամերիկյան կայսրությանը: Այս մասին նշված է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ինտերնետային կայքում:
Ջազայերին հավելել է. «Աֆղան ժողովուրդը հոգնել է անկոչ հյուրերի ներկայությունից: Շուտով Աֆղանստանում և Պակիստանում կձևավորվեն դիմադրության նոր ճակատներ՝ ընդդեմ ագրեսորի: Այդ դիմադրությունը գետնի մեջ կթաղի ամերիկյան խարխուլ կայսրությունը:
Ակնհայտ է, որ Սպիտակ տանը չեն ցանկանում լսել Աֆղանստանում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ներկայության կործանարար հետևանքների մասին: Սակայն ԱՄՆ-ին այլևս չի հաջողվի քողարկել տվյալ տարածաշրջանում իր բազմաթիվ հանցագործությունները: Ես համոզված եմ, որ աֆղան ժողովուրդը երկրից կվտարի ամերիկյան վերջին զինվորին և կամրապնդի երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը»:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին ամերիկացի 38-ամյա սերժանտ Ռոբերտ Բեյլսն Աֆղանստանում սպանել էր 16 խաղաղ բնակչի, իսկ փետրվարի վերջին ամերիկացի զինծառայողներն Աֆղանստանում այրել էին Ղուրանը:









































