Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող
Ազգային կինոյի առաջին մրցանակաբաշխության արդյունքում, որն անցկացվել է երեկ` Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, 12 անվանակակարգերի հաղթողներին մրցանակներ են հանձնվել և «ՀԱՅԱԿ» արձանիկներ. երկու ձեռքերի ցուցամատերի և բթամատերի միացությունը պատկերող 42 սմ բարձրությամբ արձանիկի պատվանդանը մարմարից է, իսկ ձեռքերի միացությունը` բրոնզից, էմալապատված և ոսկեջրված:
Երկու ձեռքերի այս միացությունը` հայակը, երկար ժամանակ կինոաշխարհում օգտագործվել է որպես միջոց` պատկեր փնտրելու համար:
Հայկական կինոյի զարգացման համար ներդրման համար մրցանակներ են ստացել ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, դերասան Սոս Սարգսյանը, օպերատոր Լևոն Աթոյանը: Լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ…»-ն, լավագույն ռեժիսոր անվանակարգում Հարություն Խաչատրյանն է եղել` իր «Սահման» ֆիլմով, լավագույն դերասանուհի է ճանաչվել Աննա Էլբակյանը, լավագույն դերասան` Միքայել Պողոսյանը:
«Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Առնոլդ Աղաբաբով – Զորայր Խալափյան զույգը, «Լավագույն նկարիչ»` Վարդան Սեդրակյանը, «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում` Յուրի Հարությունյանը` «Խճճված զուգահեռներ», «Մաեստրո» և «Որտեղ էիր, մարդ Աստծո» ֆիլմերի երաժշտության համար:
«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գագիկ Հարությունյանի «Յարխուշտա»-ն, «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում` Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի և խաղաղության մասին» , «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում` Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկները» ֆիլմերը:
«Լավագույն դեբյուտ» անվանակարգում հաղթողը Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմն է:
















































