«Բանանց»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Կիպրոսում ավարտված ուսումնամարզական հավաքի ընթացքում թիմը երեկ անցկացրեց իր ստուգողական վերջին հանդիպումը: Երևանյան ակումբի մրցակիցն էր Շվեդիայի Բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Մելբյու»-ն:
Հանդիպման մեկնարկը խոստումնալից էր «Բանանց»-ի համար: Առաջին կեսում թիմը կարողացավ երկու անգամ գրավել մրցակցի դարպասը. 11 մետրանոց հարվածի դիպուկ իրացման արդյունքում խաղի հաշիվը բացեց Դու Բալան, ապա «Բանանց»-ի առավելությունը կրկնապատկեց Արարատ Պողոսյանը: Սակայն մինչև ընդմիջում շվեդական թիմը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ էին գործում «Մելբյու»-ի ֆուտբոլիստները, որոնք ևս երկու անգամ գրավելով «Բանանց»-ի դարպասը` 3:2 հաշվով կամային հաղթանակ տարան:
«Բանանց»-ը հանդես եկավ հետևյալ կազմով. Ստեփան Ղազարյան, Գագիկ Դաղբաշյան, Արամ Շախնազարյան, Գրիշա Խաչատրյան, Արարատ Պողոսյան, Արգիշտի Պետրոսյան, Նարեկ Գյոզալյան, Արտակ Դաշյան, Դավիթ Սուջյան, Վալտեր Պողոսյան,Դու Բալա: Խաղի ընթացքում փոխարինման դուրս եկան Բենիկ Հովհաննիսյանը, Արթուր Թորոսյանը, Նաիրի Մինասյանը, Խաչատուր Ավետիսյանը և Անդրանիկ Քոչարյանը:







































