1999 թվականի մարտի 8-ի լույս 9-ի գիշերը` 35 տարեկանում, կասկածելի ավտովրաերթի հետևանքով կյանքից հեռացավ քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանը: Մարտի 18-ը նրա ծննդյան օրն է:
«Կարճ ապրեց Տիգրանը, բայց հետք թողեց: Նա ինձ համար թանկ անձնավորություն է: Եթե կողքից նայեմ Տիգրան Հայրապետյանին` որպես ժամանակակցի, սերնդակցի, որպես հանրային գործչի, կարող եմ ասել, որ Տիգրան Հայրապետյանը, թող ներեն ինձ մերօրյա քաղաքագետները, 3-րդ հանրապետության քաղաքագիտական դպրոցի հիմնադիրն է, ամենաերևելի դեմքը:
Նա թողել է ժառանգություն, հոդվածներ, որոնք, շնորհիվ կնոջ` Նազենի Ղարիբյանի և նրա ղեկավարած «Տիգրան Հայրապետյան» ֆոնդի, դարձան գրքեր»,- «Առաջին լրատվական»-ին ասաց Տիգրան Հայրապետյանի մտերիմներից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Ինքն անձամբ չի ցանկանում հավատալ, որ նրա մահը միտումնավոր էր. «Չեմ ուզում հավատալ, որ կարող էր մեր իրականության մեջ նման քստմնելի բան որևէ մեկի մտքով անցնել: Հավատում եմ, որ նրա մահը ողբերգական էր, որովհետև Տիգրանն անփույթ էր ինքն իր նկատմամբ, հախուռն էր և կարող էր այդպիսի բան լինել»:









































