Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի երեք բնակիչներ՝ 23-ամյա Եվգենի Կրասնոշեկը, 21-ամյա Արտյոմ Պողոսյանը և 23-ամյա Մաքսիմ Պրիսյաժնյուկը, ովքեր կասկածվում են ուկրաինուհի Օքսանա Մակարին բռնաբարելու և այրելու փորձի մեջ, մասամբ են ընդունել մեղադրանքները: Այս լուրը հայտնել է Նիկոլաևի շրջանում ՈւՆԳՆ քննչական վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Սավչենկոն: Տեղեկությունը հաղորդում է Նիկոլաևի շրջանային կայք-թերթը:
Ավելի վաղ «Նովի ռեգիոն» պարբերականը տեղեկացրել էր, որ մարտի 9-ի լույս 10-ի գիշերը Եվգենի Կրասնոշեկը, Արտյոմ Պողոսյանը և Մաքսիմ Պրիսյաժնյուկը 18-ամյա Օքսանայի հետ ծանոթացել էին բարում և հրավիրել տուն: Խնջույքի ընթացքում աղջկան հերթով բռնաբարել էին: Այնուհետև խուճապի մատնված երիտասարդները փորձել էին էլեկտրական լարով խեղդել իրենց հյուրին: Մեկ ժամ սպասել էին և կարծելով, թե Օքսանան մեռած է, բռնարարները նրան փաթաթել էին ծածկոցով, տարել լքված մի շինհրապարակ, որտեղ վրան բենզին էին լցրել ու այրել: Սակայն աղջկան հաջողվել էր ողջ մնալ: Մարտի 10-ի առավոտյան աղջկա ճիչերն ու տնքոցները լսել էր պատահական մի անցորդ, որը նախ շտապօգնություն էր կանչել, այնուհետև դիմել ոստիկանություն: Հետո գործով զբաղվել էին ոստիկանները: Աղջիկը, դեռ ի վիճակի լինելով խոսել, ոստիկաններին հայտնել էր կասկածյալների անունները:
Ի դեպ, կասկածյալներից Մաքսիմ Պրիսյաժնյուկը և Արտյոմ Պողոսյանը բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ են: Պողոսյանը շրջանային դատախազի տղան է:
Տեղի ոստիկանությունը սկզբում ձերբակալել էր 3 տղաներին, բայց 2 ժամ անց ազատ էր արձակել` անբավարար ապացույցների հիմքով: Սակայն, ըստ տարածված լուրերի` ոստիկանության վրա ճնշում էին գործադրել կասկածյալների հայրերը, ինչը մեծ վրդովմունք էր առաջացրել Նիկոլաևի բնակիչների շրջանում, և վերջիններս դուրս էին եկել փողոց ու շրջապատել դատախազի տունը` ի նշան բողոքի: Նրանք պահանջել էին մահապատժի ենթարկել սադիստներին: Աղմուկն այնքան մեծ էր եղել, որ գործին միջամտել էր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Նա պահանջել էր ձերբակալել կասկածյալներին: Գործը քննելու համար Նիկոլաև են ուղարկվել դատախազներ Ուկրաինայի հանրային դատախազության գրասենյակից:

Ուկրաինայի քննչական վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Սավչենկոն, անդրադառնալով Պողոսյանին և Պրիսյաժնյուկին բաց թողնելու հանգամանքին` նշել է, որ սկզբում այդ երկու կասկածյալները գործով անցել են որպես վկաներ, սակայն այժմ երեքն էլ ձերբակալված են: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115 հոդվածի հատկանիշներով` դիտավորյալ սպանություն: Քննչական վարչության պետի տեղակալը նաև չի բացառել, որ մինչ դատաքննությունը կարող է կասկածյալներին մեղադրանք առաջադրվել նաև քրեական օրենսգրքի այլ հոդվածներով:

Արտյոմ Պողոսյան
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն էլ նշել է. «Այս սարսափելի հանցագործությունը կատարողներից երկուսը բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ են, որոնց «ոսկե երիտասարդություն» ենք անվանում: Նրանք խստագույնս կպատժվեն` օրենքի սահմաններում»:

Օկսանա Մակար
Այժմ տուժող Օքսանա Մակարը ծայրահեղ վատ վիճակում գտնվում է Նիկոլաևում: Հեռացվել են նրա մեկ ձեռքն ու ոտքերը: Նրա լյարդն ու երիկամներն արդեն չեն գործում, և ամբողջ երկրում դրամահավաք է կատարվում` Մակարի բուժումն ապահովելու համար:
Թարգմանությունը` Է. Մարտիրոսյանի՝ ըստ ուկրաինական լրատվամիջոցների









































