Մինսկի մետրոյի ահաբեկչության համար մահվան դատապարտված Վլադիսլավ Կովալյովի հարազատները հայտնել են, որ դատավճիռն իրականացվել է:
Կովալյովի քույրը Facebook-ում, այնուհետև լրագրողներին հայտնել է, որ դատապարտյալի մոր հասցեին նամակ է եկել Գերագույն դատարանից՝ ըստ որի Կովալյովի մահվան դատավճիռն իրականացվել է: Ինչպես հաղորդում է Interfax-ը, նամակն ուղարկվել է մարտի 16-ին:
Այս տեղեկությունը սակայն պաշտոնապես դեռ չի հաստատվել, հայտնի չէ նաև ահաբեկչությունն անմիջապես իրականացնողի՝ Դմիտրի Կոնովալովի ճակատագիրը, որը նույնպես մահապատժի էր դատապարտվել:
Հիշեցնենք. անցյալ տարվա ապրիլի 11-ին Մինսկի մետրոյում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել էր 11, վիրավորվել ավել քան 100 մարդ:











































