Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեի այն հայտարարությունը, որ իր երկիրը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ հերթական, արարողակարգային հայտարարություն է, ոչ ավելին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց փորձագետ Մանվել Սարգսյանը:
«Տարածաշրջանային այցերի ժամանակ բոլոր պաշտոնյաներն էլ նման հայտարարություններ են անում, ինչն ամենևին էլ չի նշանակում, որ նրանք հատուկ շահագրգռվածություն ունեն խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Սա դիվանագիտական քայլ է՝ անպատճառ անդրադառնալ այսքան կարևոր հարցին, ոչ ավելին»,- ասաց նա:
Հարցին՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում նույնակա՞ն է ԵՄ-ի և այդ կառույցի անդամ հանդիսացող Գերմանիայի ցանկությունը, թե՞ հնարավոր է, Գերմանիան նման հայտարարություն անելու նաև այլ շահագրգռվածություն ունի, Մանվել Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, ԵՄ-ն Ղարաբաղի հարցով խաղաղ կարգավորման հատուկ բանաձև ունի, որն էլ պաշտպանում են նրա անդամ բոլոր երկրները, այդ թվում՝ Գերմանիան»:
Նշենք, որ այսօր` մարտի 16-ին, Երևանում` Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն նշել է, որ Գերմանիան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Նա նշել է, որ Գերմանիայի կառավարությունը հանդես է գալիս տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հավասարության օգտին. «Խաղաղ կարգավորումը դա այն է, ինչին մենք ձգտում ենք, և միասին աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ»:








































