Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին ձերբակալվել է Վաշինգտոնում Սուդանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ։ Այս մասին գրում է BBC-ն:
Ցույցը բողոքի նշան էր Սուդանի իշխանությունների գործողությունների դեմ, որոնք, ցուցարարների հավաստմամբ, հրահրել են մարդասիրական ճգնաժամը և «անմեղ կանանց, երեխաների ու տղամարդկանց» մահվան պատճառ են դարձել:
Ցուցարարները պահանջում էին, որպեսզի Սուդանի իշխանությունները թույլ տան մարդասիրական կազմակերպություններին օգնել երկրի բնակիչներին:
Նախօրեին Քլունին ելույթ էր ունեցել ԱՄՆ Սենատի հանձնաժողովի առջև, պատմելով Սուդանի հարավի խաղաղ բնակչության տանջանքների մասին, որի ականատեսն էր եղել վերջերս Հարավային Կորդոֆան կատարած իր այցելության ժամանակ:
Սուդանի հարավային այդ նահանգի բնակիչները փաստորեն դարձել են ապստամբների և զինված ուժերի ռազմական հակամարտության գերին: