«Մե՜նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը պատասխանել է վարչապետ Տիգրան Սարգսյանին, որը ներկայացնում ենք ստորև.
Անդրադառնալով 2012թ. մարտի 15-ի ՀՀ կառավարության որոշմանը և դրա վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից արված պարզաբանմանը՝ ցանկանում ենք վերստին հստակեցնել բազմիցս բարձրաձայնված մեր պահանջը: Մաշտոցի պուրակում կրպակները կառուցվում են ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով, որի վերաբերյալ մենք տվել ենք հանգամանալից իրավական հիմնավորումներ: Այս պարագայում ավելորդ ենք համարում դրանց ժամանակավոր լինելու հանգամանքի քննարկումը. օրինախախտումը ժամանակավոր չի կարող լինել: Անընդունելի ենք համարում մշտական և ժամանակավոր եզրույթների` նման շահարկումը:
Մեր պահանջը հստակ է՝ կառուցված շինություններն անհապաղ ապամոնտաժել՝ Մաշտոցի պուրակը պահպանելով և բարեկարգելով որպես հանրային կանաչ գոտի:
Ո՛չ, կառավարության որոշումը մեզ համար ընդունելի չէ, որովհետև դրանով Հայաստանի գործադիր իշխանությունը պաշտպանեց և փորձեց լեգիտիմացնել քաղաքապետարանի ապօրինի որոշումը: Կառավարությունը գերադասեց մի քանի անձանց մասնավոր շահը և ոտնահարեց հանրային շահը:
Մաշտոցի պուրակի պաշտպանությանն ուղղված մեր օրինաչափ գործողությունները շարունակվելու են մինչև խնդրի իրավական հանգուցալուծումը՝ հօգուտ հանրային շահի: Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին միանալ մեզ պաշտպանելու Հայաստանի ժողովրդի հանրային սեփականությունը:
Միաժամանակ պահանջում ենք պատկան մարմիններից բացահայտել և հրապարակայնորեն պատասխանատվության ենթարկել մարտի 14-ի երեկոյան ոստիկանության կողմից այգում իրենց սահմանադրական իրավունքներն իրացնող խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառման հրաման տված պաշտոնյաներին և հրամանը կատարող ոստիկաններին:











































