«Առաջիկա ընտրությունները կարծես թե սեպ են խրում Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Խաչատուր Վարագյանի ու ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի փոխհարաբերություններում»,- գրում է aravot.am-ը և հավելում.
«Բանն այն է, որ թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով անզիջում պայքարի են դուրս եկել այս երկու պաշտոնյաների հարազատ եղբայրները` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանն ու Մեղրաշենի ՕԵԿ-ական գյուղապետ Հունան Պետրոսյանը»:
Aravot.am-ը Մեղրաշենի գյուղապետից հետաքրքրվել է, թե հնարավոր է` ընտրությունները ավարտվեն այս երկու բարձրաստիճան պաշտոնյաների պատերազմով: «Ես, ճիշտն ասած, չեմ կարող ասել ինչ հարաբերությունների մեջ կլինեն, քաղաքապետի պաշտոնը լրիվ այլ բան է, տեղական ինքնակառավարում է, ոստիկանապետինը` լրիվ այլ:
Ինձ թվում է` էդքան էլ կարևոր չեն նրանց բարիդրացիական հարաբերությունները, երկուսն էլ, ինձ թվում է, գիտակցելու են, որ յուրաքանչյուր ոք իր բնագավառում պետք է բարեխղճորեն աշխատի, հիմա թե անձնական ինչ հարաբերություններ կունենան ընտրություններից հետո, էդ իրենք գիտեն»,-ասել է Հունան Պետրոսյանը` նշելով, որ նրանք այս պահին նորմալ հարաբերությունների մեջ են:











































