Բահրեյնի շրջաններում, որտեղ հիմնականում շիական բնակչություն է ապրում, հինգշաբթի օրը տեղի են ունեցել ոստիկանության հետ բախումներ: Անկարգությունները ծագել են այն բանից հետո, երբ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` նշելու մեկ տարի առաջ սկսված զանգվածային բողոքի ակցիաները: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ստացվող տեղեկությունների համաձայն` ոստիկանությունը կիրառել է ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Տուժածների թվի մասին հստակ տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ անցած տարի մարտին Բահրեյնում մի քանի շաբաթ շարունակ բախումներ էին տեղի ունենում իշխանությունների և շիական մեծամասնության միջև, որոնք պահանջում էին սունիական վերնախավի հետ հավասար իրավունքներ: Այն ժամանակ զոհվեցին տասնյակ մարդիկ, հարյուրավորները վիրավորվեցին:









































