«Հրապարակ»-ը գրում է, որ ՀՀԿ շարքերում խուլ դժգոհություն է տարածվել կուսակցության խորհրդի կազմի վերաբերյալ:
«Կուլիսներում խոսվում է, որ ՀՀԿ գործադիր մարմնի ձևավորման հարցում մեծ դեր է կատարել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ընդգրկել է մարդկանց, որոնք չունեն բավականաչափ հեղինակություն, բայց նվիրված են վարչապետի անձին: Օրինակ, Տիգրան Սարգսյանին հաջողվել է խորհուրդ մտցնել իր մտերիմ Կարինե Մինասյանին: Նա վարչապետի կողքին է եղել դեռևս Կենտրոնական բանկի նախագահ աշխատելու տարիներին»,- ապա թերթը հավելում է.
«Այն ժամանակ Կարինե Մինասյանը ԿԲ խորհրդի անդամ էր, իսկ հետագայում, կրկին Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով, տեղափոխվեց ՊԵԿ` որպես Գագիկ Խաչատրյանի տեղակալ:
ՊԵԿ նախագահը, սակայն, երկար չհանդուրժեց վարչապետի թիմակցի ներկայությունն իր քթի տակ և ազատվեց նրանից, որից հետո Մինասյանը վարչապետից ստացավ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը:
Պետք է ընդունել, որ զբաղեցրած պաշտոններից ոչ մեկում տիկին Մինասյանն աչքի չի ընկել իր աշխատանքով և հազիվ թե էական դեր խաղա նաև կուսակցական կյանքում: Խոսում են նրա ռուսախոսության, հայերենի վատ իմացության և վարչապետի անձին գերնվիրվածության մասին»:









































