Աշխարհի ամենահեղինակավոր «Դաքար» ավտոարշավը հերթական կյանքը խլեց: Չորեքշաբթի օրը արգենտինացի ավտոարշավորդներ Ամոր Էդուարդո Օսվալդոն և Ֆենոլյո Ալեխանդրոն վթարի ենթարկվեցին իրենց տոյոտայով. Տինոգաստա մտնելու ճանապարհին նրանք բախվեցին մրցարշավին չմասնակցող մի մեքենայի: Մոտակայքում գտնվող «Դաքար»-ի մյուս մասնակիցներն անմիջապես բուժօգնություն խնդրեցին, և 42-ամյա Օսվալդոն, որը լուրջ վնասվածքներ էր ստացել, տեղափոխվեց Տինոգաստայի հիվանդանոց: Ցավոք, բժիշկներին չհաջողվեց փրկել նրա կյանքը:
Հիշեցնենք, որ տարբեր աղբյուրների տվյալներով` 1979 թվականից մինչ օրս «Դաքար» ավտոարշավի զոհ է դարձել 50-ից ավելի մարդ: Օսվալդոն «Դաքար»-ում մահացած 25-րդ ավտոարշավորդն էր: