Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների մեկնարկը ցույց է տալիս, որ Հայաստանը հասել է այն քաղաքական և տնտեսական իրավիճակին, որ ԵՄ-ն հարկ է համարում ՀՀ հետ սկսել բանակցությունները: Այսօր ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը` նշելով, որ դա բավականին երկարատև գործընթաց է:
Վերջին երկիրը, որի հետ կնքվել է ազատ առևտրի պայմանագիր, եղել է Կորեան, իսկ ընդհանուր առմամբ մոտ 10 երկիր ունի նման համաձայնագիր: Ըստ Կ. Ճշմարիտյանի` բանակցությունները տևում են միջինը 2-3 տարի:
«Առաջին լրատվական»-ի հարցին` թե ո՞ր երկրների հետ է, որ բանակցություններն ավարտվել են, բայց պայմանագիրը չի կնքվում, և ի՞նչն է խոչընդոտում, և Հայաստանի դեպքում, մասնավորապես, կոռուպցիան ու մենաշնորհները կարո՞ղ են խոչընդոտ լինել, Կ. Ճշմարիտյանը պատասխանեց՝ Ուկրաինայի հետ են ավարտվել բանակցությունները, պայմանագիրը չի ստորագրվում, բայց պատճառը չգիտի: Ամեն դեպքում, նա նշեց, որ անհարկի ձգձգումներ չեն լինում:
Ըստ նրա` առավել կարևորվում է կոռուպցիան ծնող հանգամանքը վերացնելը, և բարեփոխումներն ուղղված են լինելու դրանց` վարչարարության կրճատում և այլն:
«Այսօր կառավարման միջին հատվածում կոռուպցիայի մակարդակն անհամեմատ ցածր է, այն տարեցտարի իջնում է, պետություն-մասնավոր հատված հարաբերություններն են պարզեցվել»,- նշեց պատգամավորը:
Մենաշնորհների վերաբերյալ Կ. Ճշմարիտյանը շեշտեց, որ մենաշնորհներ թույլատրվում են, չի թույլատրվում դրանց չարաշահումը, իսկ ՏՄՊՊՀ-ն ներկայում բավականին արդյունավետ է աշխատում:
«Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական առաջընթացի համար պայմանագիրը կարևոր և գլխավոր գործոն է: Տնտեսական իմաստով սա ասոցացման համաձայնագրի ամենամեծ բլոկն է ՀՀ համար, որի արտաքին առևտրի առաջին գործընկերը հանդիսանում է ԵՄ-ն, և ներդրումների մասով ՀՀ-ի համար բացվում է ազատ առևտրի հնարավորություն 500 մլն-անոց շուկայում»,- ասաց Կ. Ճշմարիտյանը` նշելով, որ սա ստիպելու է, որ տնտեսվարողները բարձրացնեն իրենց ծառայությունների և ապրանքների որակը, խթան է, որ գիտելիքի վրա հիմնված տնտեսություն զարգացվի, ինչը կբերի մի շարք բարեփոխումների. «Մի շղթա է, որն ապահովելու է երկրի հետագա՝ ավելի արագ ու որակյալ առաջընթացը»:









































