Այսօր կառավարությունը որոշեց 24 մլն դրամ խրախուսանք հատկացնել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց, թե երեկ ինչքան էր կազմել հանձնաժողովի սահմանած տուգանքը CPS-ի նկատմամբ և, ստանալով պատասխան` 100 մլն դրամ, կատակեց, թե այդ գումարից հատկացում կանեն:
Լրագրողների հետ զրույցում Ա. Շաբոյանը նշեց, որ այդ խրախուսանքը պետք չէ կապել երեկվա տուգանքի հետ, քանի որ դա առաջին տուգանքը չէր, և դրանք ամբողջությամբ փոխանցվում են բյուջե, իսկ խրախուսանքը լավ աշխատանքի համար է: Շաբոյանը հայտնեց, որ 24 մլն դրամը տարվա կտրվածքով բաժանվելու է ՏՄՊՊՀ 7 անդամների միջև:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ որքանո՞վ է արդար, որ Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի աշխատակիցները շատ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան ՏՄՊՊՀ-ինը, Ա. Շաբոյանը նշեց՝ արդար չէ, և իրենք այդ խնդիրը լուծելու համար քայլեր են ձեռնարկում:











































