«Այս հարցը (Մաշտոցի պուրակի- խմբ.) վերջին շրջանում քաղաքական հնչեղություն է ստացել, և ուզում ենք պարզաբանումներ տալ, որպեսզի մեր դիրքորոշումը հստակ լինի: Քաղաքապետի հետ միասին հանդես ենք եկել հայտարարությամբ, մենք դեմ ենք Մաշտոցի պուրակում տաղավարների մշտական տեղադրմանը, և փարատել ենք քաղաքացիների մտավախությունները»,- այսօր կառավարության նիստում նման հայտարարություն արեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` Մաշտոցի պուրակի հետ կապված Երևանի քաղաքապետին լիազորություններ տալուց հետո։ Վերջինս դրանցով կարող է մայրաքաղաքի Արամի, Փ. Բուզանդի, Եզ. Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր կնքել:
Վարչապետի խոսքով՝ ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ հարց է հնչել, թե ինչքան ժամանակ տաղավարները կմնան պուրակում, և դրա պատասխանն է` առավելագույնը երեք տարի, քանի որ պետք է իրականացվի «Հին Երևան» ծրագիրը, որի մուտքը հենց Մաշտոցի պուրակից է լինելու: Տ. Սարգսյանը հավաստիացրեց, որ իրավական առումով օրենքի խախտում չկա:
«Շահագրգռված ենք, որ այս հարցում քաղաքացիների հետ լինի համերաշխության և համաձայնության մթնոլորտ»,- վստահեցրեց Տ. Սարգսյանը` նշելով, որ Աբովյան փողոցում տաղավարները հիմնական կառույցներ էին, և թույլտվությունը տրվել էր քաղաքապետարանի կողմից, և դրանք ապամոնտաժվեցին, իսկ պուրակում էլ ժամանակավոր են։
«Մենք մեր ընդդիմախոսների կարծիքը հարգում ենք: Եվ այս որոշումը պետք է վերջակետ դնի խնդրին»,- ասաց վարչապետը:
Ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ, վարչապետի խոսքով, նաև առաջարկ է եղել փոքր կենտրոնում կառուցապատումը իրականացնել ավելի խիստ կանոններով, բացառել բարձրահարկ շինությունները: Տ. Սարգսյանը հայտնեց, որ ստեղծվում է աշխատանքային խումբ` մշակելու համար օրենք, և տարբեր կազմակերպությունների առաջարկեց ներկայացնել իրենց թեկնածուներին:









































