Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ ընդունել է Մոնտենեգրոյի վարչապետ Իգոր Լուքսիչին։ Այնուհետև տրվել էր համատեղ մամլո ասուլիս:
Դրա ժամանակ Էրդողանն անդրադարձել է անակնկալ այցով Թուրքիա այցելած Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Դևիդ Պետրեուսի հետ ունեցած հանդիպմանը՝ ընդգծելով, որ դրա ժամանակ իրենք չեն քննարկել «Ստվերային ԿՀՎ» անվանմամբ հայտնի Stratfor հետախուզական-վերլուծական կենտրոնի նամակագրությունը, որը սկսել է հրապարակել WikiLeaks-ը:
Հիշեցնենք, որ Stratfor-ի նամակներից մեկում նշված էր, թե Էրդողանին մնացել է երկու տարվա կյանք:
Միևնույն ժամանակ թուրքական Akşam թերթը գրում է, որ Պետրեուսից բացի, Թուրքիա է այցելել նաև ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերը: Ըստ թերթի՝ Պետրեուսի, Կլեպերի և Էրդողանի հանդիպման ժամանակ քննարկման հիմնական առարկա է հանդիսացել Իրանի հարցը:
Կողմերը մասնավորապես քննարկել են Էրդողանի առաջիկա իրանական այցը և Ստամբուլում կայանալիք Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները:
Հիշեցնենք, որ Էրդողանը մարտի 26-27-ը Սեուլում մասնակցելու է միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որից հետո մեկնելու է Իրան:








































