Եվրախորհրդարանի պատգամավորները այսօր կայանալիք նիստի ժամանակ նախատեսում են հաստատել Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ բանաձև: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Բանաձևի նախագծում նշվում է, որ Եվրախորհրդարանն ի գիտություն է ընդունում մարտի 4-ի նախագահական ընտրությունների արդյունքները` հաշվի առնելով այն եզրակացությունները, որոնք ներկայացրել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի դիտորդները:
Նրանք հայտարարել էին նախընտրական փուլում մրցակցության սկզբունքի խախտման, ինչպես նաև ընտրական գործընթացի մի շարք այլ խախտումների մասին:
Բանաձևում Ռուսաստանի իշխանություններին կոչ է արվում իրականացնել խոստացված բարեփոխումները և ընդդիմության հետ կառուցողական երկխոսություն սկսել: Փաստաթուղթը երեկ արդեն քննարկվել է Եվրախորհրդարանում և քվեարկության կդրվի այսօր:










































