Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինքնուրույն չի մասնակցի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
«Մեր կուսակցությունը կշարունակի սատարել ՀՀԿ-ին, կլինեն առանձին անհատներ, ովքեր կառաջադրվեն մեծամասնականով»։ Նրա խոսքով՝ այս ընտրությունները որևէ կերպ չեն տարբերվում նախորդներից՝ հանրային կյանքը սահուն կերպով մտել է նախընտրական մրցապայքար:
«Քաղաքական զարգացումներին հիմնական երանգ տվողը 3-4 ընդդիմադիր քաղաքական ուժերն են լինելու»,- կարծում է Խ. Հարությունյանը:
Ըստ նրա՝ ՀԱԿ-ը եթե նախկինում ֆավորիտ էր, ապա այսօր էապես զիջել է իր դիրքերը:
«Այսօր անգամ ՀԱԿ-ի կողմնակիցներն են կասկածում այդ ուժի՝ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելուն: «Ամեն ինչ կամ ոչինչ» մաքսիմալիստական գաղափարը քաղաքականության մեջ ուժ չունի, իսկ ՀԱԿ-ը այդ ուղղությամբ է առաջ շարժվում»,- ասաց նա։
ՔԴՄ նախագահը հանրությանը կոչ արեց ամեն դեպքում մասնակցել ընտրություններին, քանի որ միայն այդ դեպքում մեզ կհաջողվի ընտրություններն անցկացնել օրինական դաշտում և զերծ մնալ ընտրակեղծիքներից:
Խոսրով Հարությունյանը նաև անդրադարձավ Ռուսաստանի նախագահական ընտրություններին։ Ըստ նրա՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները որևէ փոփոխություն չեն կրի, քանի որ երկու պետությունների ռազմավարական շահերն ու հետաքրքրությունները համընկնում են:







































