Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի մասնաճյուղի համակարգող Աշոտ Զաքարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը, ամենայն հավանականությամբ, Կոնգրեսի կողմից կառաջադրվի որպես պատգամավորության թեկնածու`Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքում: Այստեղ նրա մրցակիցներն են լինելու ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը և ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը: Մեր հարցին, թե նման մրցապայքարի դեպքում հավանական համարո՞ւմ է իր հաղթանակը: «Հաղթելու կամ պարտվելու մասին չենք խոսում, թեկնածու անձերին էլ չեմ ուզում անդրադառնալ` Հովհաննես Մարգարյան կամ Աշոտ Աղաբաբյան: Մեր պայքարը ռեժիմի դեմ է, հետևաբար կլինի նրանց դեմ, ովքեր հանդես կգան ռեժիմի անունից»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Գյումրիում այս օրերի նախընտրական մթնոլորտին, Ա. Զաքարյանը պնդում է, որ ոչ պաշտոնական քարոզարշավը Շիրակի մարզում սկսվել է դեռ դեկտեմբերից` հատկապես կոալիցիան ներկայացնող կուսակցությունների կողմից «ձմեռ պապիկի տոպրակներ» բաժանելուց մինչև հուշանվերներ և այլն. «Նույնը շարունակվում է մինչև օրս: Գրեթե ամեն օր ականատես ենք լինում անձնագրեր հավաքելուն, գրանցելուն, մեր գրասենյակն էլ գտնվում է կոալիցիան ներկայացնող կուսակցություններից մեկի անմիջապես հարևանությամբ: Մարդիկ անձնագրերով սխալմամբ նույնիսկ մտնում են նաև մեր գրասենյակ»:









































