Ադրբեջանական Vesti.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բաքվում տեղի ունեցած գործարար ֆորումի ժամանակ, որին մասնակցել է նաև Խորվաթիայի նախագահ Իվո Յոսպիովիչը, հայտարարել է, որ Ադրբեջանը «վերածվելու է» Եվրոպայի հիմնական գազամատակարար երկրի.
«Մենք ունենք մեծ պոտենցիալ: Ես ցանկանում եմ ընդգծել, որ հետագա տարիներին Ադրբեջանը դառնալու է Եվրոպայի գլխավոր գազամատակարարը: Մեզ չի բավարարում մեր գազի արդյունահանման ու արտահանման ներկայիս մակարդակը: 5-6 տարի անց մենք կկարողանանք մեր գործընկերներին ապահովել գազի խոշոր մատակարարումներով:
Դա հնարավոր կդառնա մի շարք ներդրումային նախագծերի իրագործման դեպքում, որոնք գնահատվում են ավելի քան 20 միլիարդ դոլար և որոնք առնչվում են նոր գազային հանքավայրերի մշակմանն ու նոր խողովակաշարերի անցկացմանը:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը հետագա տարիներին կարևոր ներդրում կունենա Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում: Հաշվի առնելով այն, որ Եվրոպան գնալով հրաժարվում է ատոմային էներգիայից՝ գազի պահանջարկը Եվրոպայում գնալով աճելու է»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գազային պաշարները գնահատվում են 5-6 տրիլիոն խորանարդ մետր: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի խոսքերով՝ ադրբեջանական գազն առաջին անգամ Եվրոպա կհասնի 2018-2020 թվականներին՝ «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլից հետո:








































