Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հերքել է ֆրանսիական ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունը, թե իբր 2007 թ. նախագահական քարոզարշավի ժամանակ ինքը ֆինանսական օգնություն է ստացել Լիբիայի նախակին առաջնորդ Մուամար Քադաֆիից,- հաղորդում է Reuters-ը:
Լիբիայի բռնապետի կողմից ֆինանսավորվելու մասին տեղեկությունը հրապարակվել էր մարտի 12-ին Mediapart ինտերնետ-պարբերականի կողմից: Լրագրողների տվյալներով՝ 2005 թ. և 2007 թ. Սարկոզին ընտանիքի հետ մեկնել է Լիբիա, որտեղ Զիյադ Թակեդդին անունով զենքերի առևտրականի միջնորդությամբ համաձայնության է եկել Սեյֆ Ալ-Իսլամ Քադաֆիի հետ՝ իրեն տրամադրել 50 մլն եվրո նախագահակն քարոզարշավի համար:
«Եթե Քադաֆին իրոք ֆինանսավորած լիներ իմ քարոզարշավը, ապա իմ կողմից դա անշնորհակալ (վերաբերմունք.- 1in.am) կլիներ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ նկատի ունենալով 2011 թ. Լիբիայում սկսված քաղաքացիական պատերազմի ժամանակ իր որդեգրած կոշտ դիրքոշումը այդ երկրի վարչակարգի նկատմամբ:
Հարկ է նշել, որ Սեյֆ Ալ-Իսլամը Սարկոզիի քարոզարշավը ֆինանսավորելու մասին հայտարարություն էր արել դեռ 2011 թ. մարտին: Ընդ որում, նա պահանջել էր «այդ ծաղրածուից» վերադարձնել իր գումարները, և նշել էր, որ իր խոսքերն ապացուցող փաստաթղթեր ունի (դրանք այդպես էլ չհրապարակվեցին):
Mediapart պարբերականը նախկինում ևս Սարկոզիի քաղաքական գործունեության ֆինանսավորումը բացահայտող տարբեր հոդվածներով է հանդես եկել: Այսպես, 2010 թ. պորտալը հրապարակեց տեղեկություն, ըստ որի՝ նույն 2007 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ Սարկոզին անօրինական կերպով միջոցներ է ստացել Եվրոպայի ամենահարուստ կնոջից՝ L’Oreal-ի ժառանգորդ Լիլիան Բետանկուրից:
Ֆրանսիայում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա ապրիլի 22-ին:








































