Ջավախահայերը հազվադեպ են իրենց խնդիրները բարձրաձայնում`վախենալով ճնշումներից: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը`անդրադառնալով ջավախահայերի ԵՄ դիմումին Վրաստանին աջակցելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ և նրանց փոխանցել Ջավախքի հայության պահանջները: Հանդիպումների ընթացքում նա հանձնել է կազմակերպության կողմից մշակված հուշագիրը, որտեղ ներկայացված են ջավախահայության խնդիրները:
Ըստ մեր զրուցակից Առնոլդ Ստեփանյանի` հիմնականում այդպիսի դիմումներով հանդես են գալիս ջավախահայերը Ռուսաստանում, այսինքն` նրանք, ովքեր Ռուսաստանում են ապրում: Նրա փաստմամբ`ջավախահայերը, ովքեր հենց Ջավախքում են ապրում, հազվադեպ են անում այդպիսի հայտարարություններ: «Չեն անում ոչ թե նրա համար, որ խնդիրներ չունեն, այլ չեն անում, որովհետև շատ խնդրահարույց վիճակ է Ջավախքում: Այդպիսի դիմումներից հետո խնդիրներ են ունենալու, այսինքն` ճնշումներ են լինում բավականին լուրջ»,- մեկնաբանեց Առնոլդ Ստեփանյանը`հավելելով, որ որոշ ժամանակ առաջ այդ ճնշումներն ավելի ընդգծված էին, իսկ այսօր այդ ճնշումները մեղմվել են, քանի որ ում հնարավոր էր ճնշել, արդեն ճնշել են:
Անդրադառնալով խնդիրներին` նշեց, որ ջավախահայերի խնդիրների հիմքում ընկած են մարդու իրավունքները: «Ճնշումներ կան մարդու իրավունքների վերաբերյալ: Ճնշված է խոսքի ազատությունը, չկան ազատ լրագրողներ՝ բացառությամբ մի քանի ընդդիմադիրների, լեզվի ազատության վերաբերյալ կան սահմանափակումներ և այլն»,- մանրամասնեց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավարը` ընդգծելով, որ բոլոր խնդիրները հանգում են մարդու իրավունքների սահմանափակումներին:









































