Անդրադառնալով ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի տարածած հաղորդագրությանը` կապված Հայաստանի ֆուբոլային օլիմպիական ընտրանու ենթադրվող մարզահագուստի մասին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի վերջին մամուլի ասուլիսում արտահայտած մտքի հետ, ՀՖՖ մամուլի քարտուղարութունը «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ.
«Բոլորովին պարտադիր չէ, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարները տեղյակ լինեն, թե երբ, ինչ պարագայում, ինչ ցիկլերով է Հայաստանի ֆուտբոլային ընտրանին ընդգրկվում օլիմպիական մրցապայքարում: Առավել ևս պարտադիր չէ, որ տեղյակ լինեն, թե Հայաստանի ֆուտբոլային որ հավաքականը կարող է հավակնել օլիմպիական մրցապայքարում հանդես գալուն: Եվ ամենակարևորը, ընդհանրապես պարտադիր չէ, որ տեղյակ լինեն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմերի մարզահագուստ կրելու պայմաններին և պայմանագրային պարտավորություններին: Մանավանդ, որ Հայաստանի ֆուտբոլային ընտրանիները քանիցս ընդգրկվել են օլիմպիական ցիկլերում և մասնակցել են ընտրական հանդիպումներին, իսկ ՀԱՕԿ-ում դրանից երբեք տեղյակ չեն եղել:
Թերևս լավ կլինի, որ այս խնդիրներից տեղյակ լինեն ՀԱՕԿ-ի տարատեսակ աշխատակիցները, որպեսզի դրա արդյունքում տեղյակ լինեն նաև ՀԱՕԿ-ի ղեկավարները: Ինչ խոսք, անչափ շնորհակալ ենք, որ ՀԱՕԿ-ը ցանկանում է, որպեսզի «…վերելք ապրող հայրենական ֆուտբոլը կարողանա նվաճել օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր»: Իսկ մինչ ՀԱՕԿ-ում կուսումնասիրեն ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի` ֆուտբոլը կանոնակարգող հազարավոր փաստաթղթերը, միջազգային այդ հեղինակավոր կառույցների անդամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կշարունակեն զբաղվել հայկական ֆուտբոլի վերելքով»:








































