Մարտի 10-ին Մաստրիխտ քաղաքում Նիդեռլանդների «Անի» կազմակերպության կողմից կազմակերպվել էր սիմպոզիում` նվիրված սուրբ Սերվատեսի հիշատակին:
«Սուրբ Սերվատես հայը» խորագրով միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ իր ելույթում դեսպան Աղաջանյանն անդրադարձել է սուրբ Սերվատեսի ժառանգությանը` որպես հոլանդական հասարակության մեջ քրիստոնեության և քրիստոնյա արժեքների տարածողի, հայ-հոլանդական կապերի սկզբնավորմանն ու հետագա տարածմանը, հայկական համայնքի ձևավորմանն ու հոլանդական պատմության մեջ ունեցած դերակատարությանը, ներկայիս հայկական համայնքի դերին ու նշանակությանը:
Խոսելով հայ-հոլանդական կապերի մասին` ՀՀ դեսպանը նշել է. «Անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծմամբ` հայ-հոլանդական հարաբերությունները որակական նոր փուլ են մտել` երկու ժողովուրդների միջև հարաբերություններից վերածվելով երկու պետությունների միջև հարաբերությունների: Մենք մեր նախնիներից դեռ շատ բան ունենք սովորելու, թե ինչպես ամուր տնտեսական կապեր ձևավորենք, սակայն հիմքերն արդեն դրված են. կա արդեն նշանակալից ժառանգություն ստացած համայնք, որը դեռևս պետք է լիովին գիտակցի դրա կարևորությունը և յուրացնի այն»:
Նա շեշտել է, որ սուրբ Սերվատեսի ջանքերն պտուղ են տվել, որոնք «այսօր ծաղկում են` խոստանալով ընդլայնել բարեկամությունն ու համագործակցությունն երկու ժողովուրդների միջև` ի վկայություն այն անժխտելի ներդրումի, որ հայ սուրբն ունեցել է հոլանդական հասարակության մեջ: Մենք պարտավոր ենք սնել այն և հնարավորություն տալ ամբողջ ներուժով դրսևորվելու»:
Սիմպոզիումին մասնակցել է նաև Նիդեռլանդների Իմիգրացիայի, ինտեգրացիայի և ապաստանի հարցերով նախարար Խերտ Լիրսն, ով իր ելույթում անդրադարձել է հոլանդական հասարակության մեջ հայ համայնքի ներդրումին և առկա խնդիրներին: Նրան նվիրվել է դոկտոր Եվադյանի հեղինակած «Սուրբ Սերվատես հայը» գրքի առաջին օրինակը:
Սիմպոզիումին ընդարձակ ելույներով հանդես են եկել դոկտոր Ռեգիս դե լա Հայեն, դոկտոր Մաքսիմ Եվադյանը (Լիոնի համալսարան), դոկտոր Թեո ֆան Լինտը (Օքսֆորդի համալսարան), դոկտոր Ժոզեֆ Վայտենբերգը (Լեյդենի համալսարան), դոկտոր Հերման Տյուլեն (Նայմեխենի համալսարան), ովքեր իրենց ելույթները նվիրել են սուրբ Սերվատեսի կյանքի ու ծագումնաբանության շուրջ ուսումնասիրությունների, հայ գրականության, Նիդեռլանդներում հայ համայնքի պատմության, Մերձավոր արևելքում քրիստոնյաների խնդիրների ներկայացմանը:
Հայ բանաստեղծների գործերի թարգմանությամբ ելույթ է ունեցել դոկտոր Անթոնի Հոլսլախը:
Միջոցառման երաժշտական հատվածում Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Հարությունյանի, Կանաչյանի և այլոց գործերի կատարումներով հանդես են եկել սոպրանո Լիլիթ Սաթին, դաշնակահարուհի Մարիամ Պողոսովան, ֆլեյտահար Զարա Բադալյանը, և թավջութակահար Միքայել Գրիգորյանը:
Սիմպոզիումին ներկա են եղել նաև Լիմբուրգի նահանգապետ Թեո Բովանսը, փոխքաղաքապետ Ժակ Կոստոնյը, խորհրդարանականներ, հայ եկեղեցու և հոլանդական հոգևոր դասի, հոլանդական հասարակական ու գործարար շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ:











































