Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ադրբեջանը հույսեր է կապում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվացման հետ: Մենք հուսով ենք, որ Ռուսաստանն ավելի կակտիվացնի ցայժմ տվյալ ուղղությամբ ձեռնարկած իր ջանքերը և ավելի արդյունավետ կդարձնի դրանք:
Առանց Ռուսաստանի ջանքերի, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ ՄԱԿ-ը և ո՛չ էլ որևէ այլ միջազգային կառույց չեն կարողանա տվյալ հարցում գրանցել լուրջ առաջընթաց: Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությունը շատ մեծ է:
Հայաստանը փաստացիորեն բոլոր ոլորտներում (քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ) ենթարկված է Ռուսաստանի ազդեցությանը: Դրա համար էլ Ռուսաստանը Հայաստանի վրա ունեցած գործուն ազդեցության շնորհիվ կարող է այդ երկրին ուղղել կառուցողական ուղղությամբ»:








































