Սերժ Սարգսյանի առաջ քաշած «Հավատանք, որ փոխվենք» բանաձևը, որ նա հրապարակեց ՀՀԿ 13-րդ համագումարի ընթացքում, ոչ այլ ինչ է, եթե ոչ իրավիճակին չտիրապետելու նրա հրապարակային խոստովանությունը: Բանն այն է, որ այդ բանաձևը հռչակում է մարդ, որը զբաղեցնում է երկրի նախագահի պաշտոնը, որը ղեկավարում է խորհրդարանում և կառավարությունում բացարձակ մեծամասնությամբ ներկայացված քաղաքական ուժը, որը նաև բացարձակ իշխանություն ունի ՏԻՄ համակարգում:
Եվ այս պարագայում երբ հարցը դրվում է «հավատանք, որ փոխվենք» կտրվածքով, ոչ թե պարզապես սկսվում են դրսևորվել կոնկրետ փոփոխություններ, ակնհայտ է դառնում, որ այդ հսկայական ուժի ղեկավարը չի տիրապետում իր կառույցներին: Չէ՞ որ այդ կառույցի ձեռքում են փոփոխության համար անհրաժեշտ բոլոր լծակները: Ընդ որում, նոր չեն այդ ձեռքում, այլ արդեն մոտ հինգ տարի: Ուրեմն, ինչն էր խանգարում Սերժ Սարգսյանին սկսել և հանրությանը մատուցել կոնկրետ էական փոփոխություններ, որպեսզի այսօր կարիք չլիներ խորհրդարանական գերիշխանությունից և նախագահական իշխանությունից երեք-չորս տարի անց էլ խոսել, իսկ խոսքի ձևակերպման տեսանկյունից էլ փաստացի «աղերսել» փոփոխություններ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի առաջ քաշած բանաձևը երկակի տպավորություն է թողնում. հավատալու մասով նա հասարակությա՞նն է դիմում, թե՞ իր կուսակիցներին:
Եթե փորձենք նրա դիմումը դիտարկել երկրում առկա իրավիճակի տրամաբանության տեսանկյունից, ապա ստացվում է երկսայր մի փայտ, որի մի կողմում հասարակության փոփոխության անհրաժեշտությունն է, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի և իր կուսակիցների: Հասարակությունն էլ ունի էական փոփոխությունների կարիք՝ մտածողության, արժեքների, վարքականոնների, վարքագծի, համակեցության նորմերի: Բայց որևէ հասարակություն այդ ամենին չի հասնում ինքնին, այլ դրան են հասցնում, այսպես ասած, իշխող էլիտաները: Հետևաբար, հասարակական համակեցության և վարքի կանոնները ներդրվում են այդ էլիտաների որակին համապատասխան, և հանրությունը փոխվում է, երբ տեսնում է, որ հին կանոններն այլևս արդյունավետ չեն և թույլ չեն տալիս բարեկեցություն և պաշտպանվածություն զգալ: Հետևաբար, փոխողն ու փոխվողը պետք է լինեն, այսպես ասած, էլիտաները, որպեսզի շղթայական ռեակցիա առաջ բերեն հանրության շրջանում:
Ուրեմն, տրամաբանությունը հուշում է, որ փոփոխությունների անհրաժեշտությունը գիտակցող Սերժ Սարգսյանը պետք է որ գիտակցի նաև իրադարձությունների զարգացման այդ հերթականությունը, և հետևաբար պետք է ենթադրել, որ նա «հավատալու և փոխվելու» մասին բանաձևն ուղղում էր առաջին հերթին իր կուսակիցներին: Եվ հենց այդ պարագայում է առաջանում «աղերսելու» տպավորություն, «խնդրելու» տպավորություն: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն իր նախագահության տարիներին այդպես էլ չկարողացավ որևէ բան պարտադրել իշխող համակարգին՝ համակարգային արատները փոխելու առումով, և այժմ ընդամենը խնդրում է հավատալ իրեն ու փոխվել:
Հասկանալի է, որ այդ փոփոխությունը էական անհրաժեշտություն է հարվածի տակ չհայտնվելու՝ ներքին հասարակության ու միջազգային հանրության արտաքին ճնշումների տակ չընկնելու համար, որոնց հետևանքը Սերժ Սարգսյանը լավ է պատկերացնում, քանի որ, ի տարբերություն իր կուսակիցների, ինքն է եղել պատասխանատվության առաջին գծում: Այդ տեսանկյունից, հավատալու և փոխվելու մասին նրա առաջարկած մեխանիզմը, ըստ երևույթին, ենթադրում է այն համատեքստը, որ Հանրապետականները հավատան, որ փոխվելու հետևանքով իշխանության և կապիտալի կորուստ չեն ունենալու: «Հավատացեք ինձ, փոխվելը ձեզ, ձեր փողին ու դիրքին չի սպառնում ոչնչով»՝ թերևս փորձում էր ասել ՀՀԿ-ական «ակտիվին» Սերժ Սարգսյանը: Հենց դա էլ վկայությունն է այն բանի, որ նրա ելույթում առաջ քաշված բանաձևը թերևս արձանագրում էր իշխանության մեջ անիշխանության զգալի դոզայի առկայությունը:
Ինչ վերաբերում է այդ բանաձևի հանրային ուղղվածությանը կամ հասցեագրվածությանը, ապա այստեղ արդեն կարելի է արձանագրել օգնության խնդրանք հանրությանը, որ ուղղում է Սերժ Սարգսյանը՝ «հավատացեք ինձ, օգնեք փոխել» տարբերակով: Բայց բանն այն է, որ Սերժ Սարգսյանն իր նախագահության անցած շրջանում զգալիորեն մսխել է այն քիչ թե շատ գոյություն ունեցող ռեսուրսը, որը կարող էր հանրության մեջ որոշակի հավատ առաջացնել փոխելու իրական ցանկության և կամքի հանդեպ ու մղել օգնության ձեռք մեկնելուն: Ներկայումս, եթե հանրությունը հավատում է, ապա միայն ու միայն իրեն, և եթե փոխի ինչ-որ բան, ապա առաջին հերթին կսկսի իշխանությունը փոխելուց:









































