ՌԴ դիվանագետները ոչ պաշտոնական լրագրողներին հայտնել են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի` երկրի ղեկավարի պաշտոնին մնալու հնարավորությունները աստիճանաբար նվազում են:
Ինքը` Ալ-Ասադը, կարծես այդ փաստը չի նկատում` նախընտրելով ժամանակ շահել ՄԱԿ-ի լիազորություն չունեցող ներկայացուցիչների հետ բանակցությունների հաշվին:
Այսպես, շաբաթ օրը կայացավ Սիրիայի նախագահի և ՄԱԿ-ի ու ԱՊԼ երկրների ներկայացուցիչ Քոֆի Անանի հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է SANA գործակալությունը, Ալ-Ասադը հայտարարել է, որ ինքը պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնություն, որը երկիրը կհանի ճգնաժամից: Միաժամանակ Սիրիայի նախագահը նշել է, որ որևէ երկխոսության մասին չի կարող խոսք լինել, քանի դեռ երկրում գործում են զինված ահաբեկիչները:
Արևմուտքում Ալ-Ասադի այս հայտարարությունն ընկալվեց որպես բանակցությունների մերժում:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Քոֆի Անանը հայտարարել է, որ պատրաստվում է Ալ-Ասադի հետ հանդիպել նաև երկրորդ անգամ, որից հետո նա կայցելի Սիրիայի հարևան երկրներ, մասնավորապես Թուրքիա:
Ինչպես Коммерсант թերթին հայտնել է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը, Ռուսաստանը չի սատարում Բաշար Ալ-Ասադին` հայտնելով, որ Սիրիայի նախագահը բաց է թողել իր ժամանակը: Ըստ աղբյուրի` սիրիական վարչակարգի` իշխանության ղեկին մնալու հնարավորությունը 10 տոկոս է:
Միաժամանակ աղբյուրը նշել է, որ Ռուսաստանը չի փոխելու իր դիրքորոշումը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի վերաբերյալ: Մոսկվան դեմ է լիբիական սցենարի կրկնությանը, որը դիտարկվում էր հունվարին ներկայացված բանաձևում:
«Ցանկանում են պաշտոնա՞նկ անել Ալ-Ասադին` թող անեն, բայց առանց մեզ և առանց ՄԱԿ-ի պատժամիջոցների»,- ասել է աղբյուրը:








































