Եգիպտոսում մոտ 200 մարդ ցանկություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում:
Միայն շաբաթ օրը` մարտի 10-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել 199 մարդ` ստանալու համապատասխան փաստաթղթեր թեկնածությունը դնելու անհրաժեշտ պայմանների և կարգի մասին:
Մայիսի 23-24-ը կայանալիք նախագահական ընտրություններին դեռևս ոչ ոք պաշտոնապես չի գրանցվել:
Ինչպես մեկնաբանել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Ֆարուք Սուլթանը, գրանցմանը և թեկնածուի կարգավիճակ ստանալուն նախորդում են ստորագրահավաքը և մի շարք այլ պահանջների իրականացումը:
Նախ՝ թեկնածուները պետք է ստանան առնվազն 30 պատգամավորի երաշխավորագիր կամ 30 հազար ընտրողների ստորագրություն: Ընդ որում, յուրաքանչյուր մարզում թեկնածուն պետք է ունենա մոտ հազար կողմնակից:
Երկրորդ պայմաններից մեկն էլ այն է, որ թեկնածուն իրավունք ունի նախընտրական քարոզարշավի վրա ծախսել մոտ 10 միլիոն եգիպտական ֆունտ (մոտ 1.7 միլիոն ԱՄՆ դոլար), իսկ երկրորդ փուլում՝ երկու միլիոն ֆունտից ոչ ավելի (300 հազար ԱՄՆ դոլար):
Նախագահի թեկնածուները իրավունք չունեն ֆինանսական օգնություն ստանալ օտարերկրյա կազմակերպություններից. նրանց կարող են աջակցել միայն անհատ եգիպտացիները: Ընդ որում, օգնության չափը չպետք է գերազանցի 100 հազար ֆունտը:
Թեկնածուների գրանցումը շարունակվելու է մինչև ապրիլի 8-ը:











































