Եմենում մեկ տարի շարունակվող քաոսից հետո Պենտագոնը պատրաստվում է վերսկսել ծրագրերը, որոնց նպատակն է ֆինանսավորել Եմենում ռազմական դասընթացների անցկացումը և այդ երկիրը ապահովել ռազմական տեխնիկայով:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, թեև որևէ համաձայնագիր չի կնքվել, սակայն, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը Եմենին մինչև 75 միլիոն դոլարի հասնող օգնություն կտրամադրի: Ըստ պաշտոնատար անձանց` Պենտագոնն ու պետքարտուղարությունը Կոնգրեսին ուղղված նամակ են պատրաստում` օգնությունը վերսկսելու խնդրանքով:
Հիշեցնենք որ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը խոստացել էր Եմենին օգնել 2012-ից 2013 թվականներին, եթե երկիրը պարտավորվի նոր կառավարություն ստեղծել:
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հաղորդել է, որ իրենք քննարկում են այն հարցը, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ կերպով օգնել Եմենին: Ըստ վերջինիս` հնարավոր է ռազմական դասընթացները առայժմ չվերսկսվեն, քանի որ Եմենի զինվորները այժմ զբաղված են. նրանք պայքարում են «Ալ-Քաիդայի» գրոհայինների դեմ:








































