Մոսկվայում «Խնայբանկի» մասնաճյուղի դրամապահոցից կատարվել է խոշոր գողություն: Այս մասին Interfax գործակալությանը հայտնել է ՌԴ ՆԳ նախարարության տեղեկատվության վարչության աշխատակիցը: Նա միայն հաստատել է գողության փաստը` ասելով, որ հարուցվել է քրեական գործ, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ հրապարակել, այդ թվում` հրաժարվել է հայտնել գողացված գումարի չափը:
Interfax-ին, սակայն, հայտնի է դարձել, որ հանցագործները գիշերը ներթափանցել են բանկի տարածք, անջատել ազդանշանային համակարգն ու պահոցի բանալու կրկնօրինակով բացել երկաթյա դուռը: Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ գողացված է 19 մլն ռուբլի` տարբեր արժույթներով:
Ենթադրվում է, որ գողությանը մասնակցել են «Խնայբանկի» կամ նախկին, կամ ներկայիս աշխատակիցները:
«Խնայբանկն» առայժմ պաշտոնական հայտարարություն չի արել:









































