Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ուղերձ է հղել Մարոկկոյի թագավոր Մուհամեդ 6-րդին՝ կոչ անելով դադարեցնել բռնությունը Սիրիայում և ոչ այլընտրանքային խաղաղ ճանապարհով հաղթահարել ճգնաժամը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել են Կրեմլի մամլո ծառայությունից:
«Ուրախալի է, որ Ռուսաստանը և Մարոկկոն համակարգում են ուժերը միջազգային թատերաբեմում, այդ թվում՝ տարածաշրջանում կայունությունը և անվտանգությունը վերականգնելու նպատակով: «Արաբական գարնան» հենց սկզբից մենք պաշտպանել ենք մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան ժողովուրդների սոցիալ տնտեսական բարեփոխումների ձգտումները՝ առանց դրսից ճնշումների և պետության ինքնիշխանության խիստ պահպանման հիման վրա»,- ասվում է Մեդվեդևի ուղերձում:
Մեդվեդևը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Ռուսաստանը դեմ է արտաքին ուժային միջամտությանը Սիրիայի ներքին գործերին՝ անկախ այն բանից, թե ինչպես է դա հիմնավորվում:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանը և Չինաստանը արգելափակեցին Մարոկկոյի նախապատրաստած Սիրիայի դեմ բանաձևը, որում չէր բացառվում ռազմական ներխուժումը Սիրիա: