Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «նախանձում» են Թուրքիայի տնտեսական հաջողություններին.
«Գլոբալ տնտեսական ճգնաժամի ժամանակ Թուրքիան խնդիրների չի բախվել ուժեղ առաջնորդ ունենալու շնորհիվ: Մինչդեռ Եվրոպայի ամենամեծ խնդիրն առաջնորդ չունենալու մեջ է: Ես հավաստիացնում եմ, որ ժամանակ առ ժամանակ Սարկոզին կամ Մերկելը, այլ դրդապատճառներից ելնելով, խնդիրներ են հարուցում Թուրքիայի համար: Հավատացնում են, որ դրա թիվ մեկ պատճառը նախանձն է, քանի որ այլևս գոյություն չունի պարտք վերցնելու հարցով եվրոպական երկրներին դիմող Թուրքիա:
Նախկինում մենք նման էինք խավարի մեջ ճանապարհ փնտրող մարդկանց: Մենք նման էինք բեղերը կտրած կատվի, որի կողմնորոշիչները, ինչպես հայտնի է, հենց բեղերն են: Մենք չգիտեինք՝ որ ճանապարհով գնալ և ինչ անել: Մինչդեռ ներկայումս պատկերը լրիվ այլ է»:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի սկզբներին էլ Զաֆեր Չաղլայանը Բեռլինում հայտարարել էր, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին «նախանձում է» Թուրքիայի վարչապետ Էրդողանին.
«Սարկոզին փորձում է օգտագործել հայկական հարցը, ինչի պատճառն այն է, որ Սարկոզին նախանձում է Էրդողանին՝ նրա տնտեսական հաջողություններին: Հենց դրա համար էլ Ֆրանսիայի Սենատն ընդունեց հայկական օրինագիծը: Սարկոզին դրանով իսկ փորձում է թաքցնել տնտեսական ոլորտում կրած ֆիասկոն»:
Ի դեպ, 2010 թվականի դեկտեմբերի սկզբներին Հարվարդի համալսարանի միջազգային զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ռիկարդո Հաուսմանը Ստամբուլի արդյունաբերական պալատի կողմից կազմակերպված 9-րդ արդյունաբերական կոնգրեսում գովել էր Թուրքիայի տնտեսական հաջողությունները՝ ընդգծելով թուրքական արտադրանքի արտահանման մեծ ծավալը:
Նա տնտեսական շուկաները նմանեցրել էր ծառերի, իսկ թուրքերին` կապիկների, որոնք կարողանում են գրավել այդ շուկաները՝ թռչկոտելով ծառից ծառ։









































