Լոնդոնում գտնվող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետները հրապարակել են աշխարհի պետությունների զինված ուժերում տիրող կացության վերաբերյալ ամենամյա զեկույցը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ռազմական հավասարակշռությունն աշխարհում 2012 թվականին» կոչվող այս ծավալուն փաստաթղթում բրիտանացի վերլուծաբանները գնահատել են նաև Հարավային Կովկասի երեք հանրապետությունների բանակներում տիրող վիճակը:
«Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի հետ առկա լարվածության պատճառով հիմնականում կենտրոնացած են երկրի տարածքի պաշտպանության վրա: Թեև հայկական ռազմական դոկտրինը մեծապես կրում է ռուսական մտածողության ազդեցությունը, այնուհանդերձ, երկրի սահմաններից դուրս իրականացվող ռազմական առաքելությունը, այդ թվում` Աֆղանստանում գտնվող միջազգային կոալիցիային ցուցաբերած աջակցությունը նպաստում են, որպեսզի հայ զինվորականները դասեր քաղեն նաև ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների հետ համագործակցությունից:
2011-ին Հայաստանն ավելացրել է Աֆղանստանում իրականացվող գործողություններին իր մասնակցության մակարդակը, իսկ նոյեմբերին գործողությունների նոր ծրագիր է ստորագրել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ», – հիշեցնում են զեկույցի հեղինակները` հատուկ ընդգծելով Հայաստանում պրոֆեսիոնալ զինվորականության դասի ի հայտ գալու փաստը:
«Թեև բանակը շարունակում է համալրվել զորակոչի միջոցով, այնուհանդերձ, պրոֆեսիոնալ զինվորականնների թիվը բանակի ներսում գնալով աճում է», – նշում են բրիտանացի վերլուծաբանները:
Հայաստանի ռազմաօդային ուժերը, ըստ զեկույցի հեղինակների, հիմնականում տեխնիկական խնդիրներ են լուծում, իսկ երկրի օդային տարածքի պաշտպանությունը իրականացնում է Ռուսաստանի ռազմական ավիացիան` Հայաստանի տարածքում վարձակալվող ավիաբազայի տարածքից:
Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակում տիրող կացությանը, ապա այստեղ, ըստ զեկույցի հեղինակների, «դեռ անհրաժեշտ է հաջող անցում կատարել խորհրդային մոդելից»:
Թեև «ռազմական ծախսերը նավթային եկամուտների շնորհիվ շարունակում են աճել, իսկ ադրբեջանական բանակն էլ մի շարք նորագույն սպառազինություններ է ձեռք բերել` այդ թվում S-300 տիպի համակարգեր», այնուհանդերձ, վերլուծաբանները համոզված են, որ այդ բոլոր ձեռքբերումները դեռ զգալի ազդեցություն չեն գործել Ադրբեջանի զինված ուժերի մարտունակության վրա:
Նրանք նաև նկատում են, որ Ադրբեջանը բավական սերտ ռազմական կապեր ունի Թուրքիայի հետ: Չնայած այդ ամենին` երկրի զինված ուժերում մի շարք լուրջ խնդիրներ են առկա:
Մասնավորաբար, երկրի ռազմաօդային ուժերում, ըստ զեկույցի հեղինակների բավական ցածր է թե՛ անձնակազմի մասնագիտական պատրաստության մակարդակը և թե՛ սպառազինության տեխնիկական վիճակը։ Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերն ի վիճակի չեն լրջորեն աջակցել երկրի սահմաններից դուրս ստորաբաժանումների ծավալմանը, նշում են բրիտանացի փորձագետները:
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետները անդրադառնում են նաև հարավկովկասյան երրորդ պետությունում` Վրաստանում տիրող կացությանը:
«Վրացական բանակը շարունակում է վերլուծել և դասեր քաղել 2008 թվականի` Ռուսաստանի հետ կոնֆլիկտից: Օգոստոսյան կարճատև պատերազմի ընթացքում վրացական բանակն իրեն բացարձակապես փայլուն չդրսևորեց հատկապես այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսին են զրահատեխնիկայի դեմ պայքարն ու հակաօդային պաշտպանությունը: Թեև հարկ է նկատել, որ հակաօդային պաշտպանության գործողություններն ավելի հաջողված էին», – նշում են զեկույցի հեղինակները:
«Այժմ` ելնելով կարճատև հակամարտության դասերից, վրացական բանակը նպատակ ունի ավելի փոքրաքանակ ռազմական ավիացիա ստեղծել: Բացի այդ, Վրաստանն ակտիվորեն մասնակցում է Աֆղանստանում իրականացվող գործողություններին` ցանկանալով անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին: Սրան էլ գումարած` քայլեր են ձեռնարկվում քառամյա պայմանագրով ծառայող զինվորականների թվի ավելացման համար, ինչը կնպաստի զինված ուժերի մասնագիտացմանը», – նշված է «Ռազմական հավասարակշռությունն աշխարհում 2012-ին» զեկույցում:









































