Վաղուց հայտնի էր, որ մարդիկ շատ նմանություններ ունեն շիմպանզեների հետ, բայց պարզվում է, որ նրանք նաև շատ նմանություններ ունեն գորիլաների հետ:
Daily mail-ը գրում է, որ գորիլաների գենետիկ կոդն ուսումնասիրելուց հետո, փորձագետները պարզել են, որ գորիլաների ԴՆԹ-ն 15 տոկոսով առավել մոտ է մարդու ԴՆԹ-ին, քան շիմպանզեներինը:
Այն գեները, որոնք միանման են, կապված են ուղեղի զարգացման և լսողության հետ, որը մարտահրավեր է ներկայացնում այն ուսմունքին` համաձայն որի, մարդիկ զարգացրել են իրենց լսելու ունակությունն այն բանից հետո, երբ արդեն զարգացած լեզվական համակարգ են ունեցել:
Գիտնականները հավատում են, որ հետազոտության արդյունքները կարող են նոր լույս սփռել այն հարցի վրա, թե ինչպես են զարգացել և ձևավորվել մարդիկ:
Քեմբրիջի Wellcome Trust Sanger ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մարդկանց և գորիլաների գեները 98 տոկոսով նման են իրար:
Հետազոտությունը նաև բացահայտել է, որ գեների տարբեր տեսակներ, որոնք մարդկանց մոտ հիվանդություններ են առաջացնում, նույնն են նաև գորիլաների մոտ, բայց վերջիններիս մոտ դրանք հիվանդություն չեն առաջացնում: Գիտնականները հույս ունեն, որ սա կօգնի պարզել, թե ինչպես կարելի է կանխել հիվանդությունների առաջացումը:









































