Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում լայն թափով ընթանում են Եվրոպան և Ասիան երկաթգծով միմյանց կապող «Մարմարա» (Ստամբուլ) նախագծի իրագործման աշխատանքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը:
Վերջինիս խոսքերով՝ իրենք նպատակադրվել են այդ աշխատանքներն ավարտին հասցնել 2013 թվականի վերջին:
Հիշեցնենք, որ հունվարի կեսերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ «Մարմարա» նախագծի իրագործմամբ՝ Թուրքիան կվերածվի Եվրասիական տրանսպորտային միջանցքի առավել կարևոր ու ռազմավարական երկրի, և որ այս նախագծի իրագործմամբ նորից կսկսի գործել Մետաքսի ճանապարհը, որը Պեկինից կձգվի մինչև Լոնդոն։
Ըստ Էրդողանի՝ յուրաքանչյուր երկու րոպեն մեկ պետք է երթևեկեն գնացքներ, իսկ միակողմանի ուղղությամբ մեկ ժամում փոխադրվելու է 75,000 ուղևոր։










































