РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գլխավորելու է Իրանի կիբերտիրույթի Վիրտուալ խորհուրդը, որի առաջադրանքը համակարգչային սպառնալիքների դեմ պայքարելն է: Այս մասին նշված է Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի գրասենյակի կայքում:
Դրանում նշված է, որ Վիրտուալ խորհրդի կազմում ներառվելու են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև խորհրդարանի նախագահ Ալի Լարջինանին և մի շարք նախարարներ: Խամենեիի հայտարարության համաձայն՝ Վիրտուալ խորհուրդը պետք է վերածվի երկրի կիբերտիրույթի Ազգային կենտրոնի՝ ուսումնասիրելու համար կիբերտիրույթում ընթացող ներիրանական ու համաշխարհային զարգացումները:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջերին իրանական Press TV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ բրիգադի գեներալ Գոլամրեզ Ջալալին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները պլանավորում են ստեղծել կիբերպաշտպանության զորքեր՝ երկրի կարևորագույն օբյեկտների վրա կիբերհարձակումները կանխելու համար:









































