Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի փաստաբան Գեյր Լիպեստադը հայտնել է, որ իր պաշտպանյալին տխրեցրել են երեկ դատախազության հնչեցրած մեղադրանքները:
Ինչպես հաղորդումէ ITAR-TASS-ը, Բրեյվիկին խիստ անհանգստացնում է այն հանգամանքը, որ իրեն, հնարավոր է, ենթարկեն պարտադիր բուժման, մինչդեռ ինքն իրեն միանգամայն առողջ է համարում:
Հիշեցնենք, երեկ Բրեյվիկի դեմ պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել ահաբեկչության հոդվածով: Սկզբնապես նշվում էր, որ Բրեյվիկն իրեն միանգամայն հանգիստ է պահել, երբ ընթերցվել է մեղադրանքը:
Փաստաբանն իր հերթին նշել է, որ իր համար անակնկալ էր ահաբեկչության հոդվածով մեղադրանքը. Բրեյվիկը միայնակ է գործել, հետևաբար ենթադրվում էր, որ նրան կդատեն սպանության մեղադրանքով:
Հարկ է նշել, որ ահաբեկչության հոդվածն առաջին անգամ է կիրառվում Նորեգիայի դատական համակարգում:
«Մենք դրա կիրառման նախադեպ չունենք,- նշել է դատախազը:- Ահաբեկչության մասին օրենքը միակն է, որը միավորում է անցյալ տարվա հուլիսի 22-ին իրականացված բոլոր հանցագործությունները»:
Դատախազն ընդգծել է, որ Բրեյվիկի գործողությունները նպատակ են ունեցել «սարսափ ներշնչել հասարակության լայն շերտերում»:
Բրեյվիկի դատավարությունը կսկսվի 2012թ. ապրիլի 16-ին: 2011թ. հուլիսի 22-ին Օսլոյի կառավարության շենքի մոտ և Ուտեյա կղզում նրա կողմից իրականացված ահաբեկչություններին զոհ է գնացել 77 մարդ:








































