Կատալոնական «Բարսելոնա»-ի կազմում հանդես եկող աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին իր մարզական կարիերայում առաջին անգամ մեկ խաղում (պաշտոնական) դարձավ 5 գոլի հեղինակ: Արգենտինացին պենտա-տրիկ ձևակերպեց Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչում կայացած Լևերկուզենի «Բայեր»-ի հետ պատասխան խաղում: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 7:1 հաշվով` հօգուտ դաշտի տերերի:
Վերջին անգամ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում (Չեմպիոնների Գավաթ) մեկ խաղում 5 գոլ խփել էր Սյուրեն Լեբրյուն` 1979 թվականի հոկտեմբերին, իսկ Ամստերդամի «Այաքս»-ը Կիպրոսի «Օմոնիա»-ին պարտության մատնեց 10:0 հաշվով:
Նշենք, որ Մեսսին Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է 4-րդ տեղը: Արեգենտինացու ակտիվում կա 49 գոլ: Մեսսիին գերազանցում են Ռաուլը (71 գոլ), Ռուդ վան Նիստելրոյը (56), և Թիերրի Անրին (50): Մեսսին հանդիսանում է ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն` 7 խաղում հեղինակելով 12 գոլ:
«Հիանալի խաղ էր: Շատ ուրախ եմ, որ կարողացա 5 գոլ խփել: Ցանկանում ենք կրկին նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը, սակայն հասկանում ենք, որ քառորդ եզրափակիչում բարդ է լինելու, քանի որ պայքարը շարունակելու են միայն լավագույն թիմերը»,- Մեսսիին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































