ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը կարծում է, որ ճիշտ չէ, երբ ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքները չհամաձայնեցված` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոսում են խաղաղության համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքների մասին: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Քանի որ կա մեկ կետ, որը դեռ համաձայնեցված չէ, ուրեմն համաձայնեցված չէ ընդհանրապես ոչինչ: Ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրում այս բանաձևով առաջնորդվում են ի սկզբանե: Ուրիշ խնդիր է, որ ԵԱՀԿ համանանախագահները միշտ ասում են, որ պետք է իրականացնել ինչ-որ քայլեր՝ փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար: Բայց ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չի արձագանքում այդ գործընթացներին, հետևաբար չեմ կարծում, որ այս պահի դրությամբ համապարփակ խաղաղության համաձայնագիրը ռեալ է, քանի որ ինչ էլ առաջարկում ենք, Ադրբեջանը տորպեդահարում է: Ուղղակի որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի, համանախագահները նմանօրինակ առաջարկներով են հանդես գալիս: Ամենակարևորն այն է, որ միշտ շեշտվում է՝ ուժային ճանապարհն անընդունելի է»,- ասաց Բաբայանը:







































