Կառավարությունն այսօր նիստում գումար է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` Մարալիկ քաղաքի 9 կիսակառույց բնակելի շենքերի շինարարության ավարտի, Գյումրու Մուշ-2 թաղամասի նոր դպրոցի, Լոռու մարզի Լեռնապատի Ե. Դալլաքյանի անվան միջնակարգ դպրոցի, Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Արարատի մարզի Վեդի քաղաքի մշակույթի տան և մի շարք այլ օբյեկտների հիմնանորոգման և կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար։
Հաջորդ որոշմամբ 113 մլն 32 հազար դրամ է հատկացվել նույն նախարարությանը` աղետի գոտում կառուցված բազմաբնակարան շենքերի, բնակարանների, բնակելի տների և վերջիններիս կառուցապատման հողատարածքների պետական գրանցումն ապահովելու նպատակով։ «Մենք փաստորեն Մարալիկում հարցը լուծում ենք, Երևանում լուծում ենք ծնողազուրկ երեխաների հարցը։ Ագարակում, Մեղրիում էլ ունենք ծնողազուրկ երեխաներով ընտանիքներ, որոնց նկատմամբ ունենք պարտավորություն»,- նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով` ամբողջ հանրապետությունում հաշվառված է 311 երեխա, որից 111-ն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են, 200-ը` մանկատան շրջանավարտներ։ Նախատեսված է Երևանում, Վանաձորում, Գյումրիում և Մարալիկում լուծել այս հարցը, քաղաքաշինության նախարարության հետ համապատասխան աշխատանքները կշարունակվեն Սյունիքի մարզում։
Վարչապետն առաջարկել է խնդրի լուծման համար օգտագործել անբնակ պետական շենքերը, ինչպես նաև անավարտ շինարարությունները։ «Շիրակի մարզում ընդհանրապես այդ անավարտ շենքերը շատ են, պետք է դրանցով էլ զբաղվել, նաև մասնավոր հատվածին տրամադրված շենքեր կան, անավարտ են մնացել, բնակիչները լքել են երկիրը, բայց շենքերը մնացել են», – ասել է Տիգրան Սարգսյանը և հավելել. «Երեկ մենք Արթիկում էինք, լավ վիճակում գտնվող շենքեր կան, որոնք մնացել են տարբեր հանրապետությունների ցուցաբերած օգնությունից, բայց անավարտ են, ու մարդ էլ չի ապրում։ Պետք է դրանց ապագայի մասին էլ մտածել։ Պետք է ձեռք բերենք, քաղաքացիներից գնենք այդ շենքերը և տրամադրենք կարիքավորներին»։






































