«Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասաց, որ արդեն երկու տարի է՝ շուկայում հայտնվել են մանկական պոռնոգրաֆիկ ֆիլմեր՝ 8 մասից բաղկացած, ինչպես նաև 5 ժամ տևողությամբ սարսափ-ֆիլմ, որում ներկայացվում է ամեն տեսակի դաժանություն:
Բանախոսն ավելացրեց, որ սկավառակների՝ խանութներում հայտնվելու հարցը քննարկվել է Հանրային խորհրդում, պետական բոլոր կառույցները գիտեն այդ մասին, սակայն ոչ մի արձագանք կամ հետևողական աշխատանք չի տարվում. «Ցենզուրան վերացել է, սակայն դա չի նշանակում, որ ով ինչ ուզի՝ կարող է անել: Այդ է պատճառը, որ շատ են ինքնասպանությունները, աղանդավորական կառույցները: Մենք չունենք մասնագետներ, ովքեր ճիշտ կորակավորեն, փորձագետներ, ովքեր կանցկացնեն փորձագիտական հետազոտություններ»:
Բանախոսը, խոսելով աղանդների դեմ տարվող պայքարի մասին, ասաց, որ մեր երկրում այսօր կադրային ռեսուրսների մեծ պակաս կա: Դեռևս դպրոցից պետք է տարվի աղանդների դեմ պայքարը: Ա. Ամարյանի կարծիքով՝ հոգեբանի առկայությունը դպրոցում կօգնի, որպեսզի աշակերտները չընկնեն սատանիստների, էմոների, կրոնական փոքրամասնությունների շարքերը:
Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանն էլ ասուլիսի ընթացքում ասաց, որ աղանդները գործում են առանց վերահսկողության, որքան էլ կոչվում են քրիստոնեական, միևնույն է՝ հակաքրիստոնեական քարոզչություն են իրականացնում. «Բոլոր աղանդներն այսօր ճանաչում են միայն դրախտ և դժոխք, չեն ճանաչում դրանց միջև եղած ճանապարհը, ինչը հակասում է մեր եկեղեցուն: Շատ աղանդներ իրենց արդարացնում են՝ ասելով, թե բողոքական եկեղեցու ճյուղ են, սակայն դա այդպես չէ»:
Քահանայի կարծիքով՝ կրոնական փոքրամասնությունները զբաղվում են հոգեորսությամբ, ինչն անընդունելի է:










































